Իրանի և Միացյալ Նահանգների միջև բանակցությունների հինգերորդ փուլի ավարտից հետո Իրանի գլխավոր բանակցող, արտգործնախարար Աբբա Արաղչին հայտարարել է, որ «դա բանակցությունների ամենապրոֆեսիոնալ փուլերից մեկն էր»։ «Մենք անսասան ենք մեր դիրքորոշումներում։ Ամերիկյան կողմն այժմ հստակ պատկերացում ունի Իրանի դիրքորոշման վերաբերյալ»,- շեշտել է նա։               
 

Պողոս առաքյալը և Կորնթոսի եկեղեցին

Պողոս առաքյալը և Կորնթոսի եկեղեցին
06.05.2016 | 09:29

Հռոմեական տիրապետության օրոք Կորնթոսը բազմաթիվ առումներով ամբողջ Հունաստանի ամենանշանավոր քաղաքն էր, ինչպես նշվում է Ահարոն Կայայանի «Նոր կտակարանի ընդհանուր ներածություն» գրքում: Հեղինակը պնդում է` այն դեպքում, եթե Աթենքն ընդամենը մտքի ու մտավոր գործունեությունների կենտրոն էր, Կորնթոսը դարձել էր հռոմեացի զավթիչ կառավարության նստավայրը` միաժամանակ և՛ կառավարական, և՛ առևտրական կենտրոն, շատ ակտիվ քաղաք և ամբողջ երկրի տնտեսական զարգացման օջախ: Բնակչությունը կազմված էր հույներից և հռոմեացիներից, բայց նաև հրեաներից և Արևելքից եկած մարդկանցից: Պողոսի ժամանակաշրջանում Կորնթոսը հռոմեական գաղութ էր: Առևտրական նշանակությունից բացի, Կորնթոսն ուներ նաև սպորտային խաղերի համաշխարհային համբավ: Այս քաղաքի բնակիչները հայտնի էին իրենց սանձարձակ բարքերով: «Ապրել կորնթոսյան ձևով» արտահայտությունը դարձել էր ասացվածք` ցույց տալու բարոյական անկման այնպիսի աստիճան, որ հազվադեպ էր հանդիպում այլուր: Պողոսի առաքելական գործունեության շրջանում քաղաքի բնակչությունը կազմված էր մոտ երկու հարյուր հազար ազատ մարդկանցից և չորս հարյուր հազար ստրուկներից:

Պողոսի առաջին այցը Կորնթոս տեղի է ունեցել նրա քարոզչական երկրորդ ճանապարհորդության ընթացքում, հավանաբար մոտ 50 թվին: Առաքյալն այստեղ մնում է տասնութ ամիս (Գործք 18): Ժամանելով Կորնթոս՝ հանդիպում է Ակյուղասի և նրա կնոջ՝ Պրիսկիղայի հետ, ազգությամբ հրեա մի զույգ, որ Կլավդիոս կայսեր հրովարտակով վտարվել էր Հռոմից: Պողոսի պես, նրանք էլ վրաններ պատրաստող արհեստավորներ էին: Առաքյալը աշխատանքով միանում է նրանց և բնակվում նրանց հետ: Սովորության համաձայն, առաքյալը նախ սկսում է քարոզել հրեական ժողովարաններում, բայց հրեաների մեծ մասը նրա հանդեպ թշնամությամբ է տրամադրվում, և Պողոսը ստիպված հեռանում է նրանցից, սակայն կեղծ կրոն տարածելու մեղադրանքների պատճառով նրան հանձնում են գավառի կուսակալին, որն անտարբերություն է ցուցաբերում հրեաների մեղադրանքներին` Պողոսի և նրանց միջև տարակարծությունը համարելով կարծիքների պայքար, որը չի ազդում քաղաքի բնականոն կյանքին: Այդ իսկ պատճառով Պողոսը կարողանում է իր առաքելությունը շարունակել մինչև 52-ի գարունը, այնուհետև բռնում է Երուսաղեմի և Եփեսոսի ճանապարհը: Առաքյալի հեռանալուց հետո Կորնթոս է ժամանում Ապողոսը, ով ալեքսանդրիացի հրեա էր և իր ազդեցիկ ավետարանչությամբ ու պերճախոսությամբ քարոզչական գործունեություն էր ծավալում: Կորնթոսի եկեղեցին կազմված էր սոցիալական բոլոր խավերին պատկանող հրեա և հույն անդամներից: Անդամներից ոմանք պատկանում էին ունևոր դասակարգերի, մյուսները սերում էին ժողովրդական խավերից:

Անշուշտ, եկեղեցում չկային ընտրյալ կամ բարձր իշխանություն իրականացնող մարդիկ, ոչ էլ տեղական ազնվականներից կազմված անդամներ: Մեծ մասը համեստ հնարավորությունների տեր անձինք էին: Հրեական ծագում ունեցող հավատափոխներից ոմանք դեռևս կարևորություն էին տալիս Հին կտակարանի ծիսակարգին, մյուսները պարծենում էին իրենց ազատական տեսակետներով, շատերն էլ կապված էին անկում ապրող բարքերին: Պողոս առաքյալը կորնթացիներին ուղղված երկու նամակ է գրել: Նրա նամակներում ամփոփված են Կորնթոսի եկեղեցու հոգևոր վիճակը և խնդիրները, քանի որ համայնքի անդամներից ոմանք բազմաթիվ անգամ նահանջում էին դեպի հեթանոսությունը, իսկ ոմանք էլ դրական չէին ընդունում Պողոսի խորհուրդներն ու հորդորները: Հայտնվում էին մարդիկ, ովքեր արգելում էին խառնվել իրենց անձնական գործերին և մի նամակով պատասխան են գրում նրան: Ընդհանուր առմամբ պարզ էր դառնում, որ կորնթացիներն ամենևին էլ չէին շտապում լուծել անմահության հարցերը: Նրանք նախ պահանջում էին ավելի ընդարձակ տեղեկություններ, առաքյալի առջև դնում էին մի շարք խնդիրներ` հարցնելով նրա կարծիքը: Այս ընթացքում Պողոսը լսել էր նաև համայնքի ներսում մոլեգնող խռովությունների մասին: Նորությունները նա իմացել էր կորնթացիներին լավ ծանոթ մի կնոջ` Քղուեի ընտանիքի անդամներից: Այս բոլոր տեղեկությունները մեծ ցավ էին պատճառում առաքյալին: Պողոսն իր նամակներով հորդորում է միաբանության մեջ մնալ, այնուհետև հանգամանալից պատասխաններ տալիս կորնթացիների հարցերին: Այս նամակներում ևս մեկ անգամ արտացոլվում է Պողոսի սերը Քրիստոսի և մարդկանց հանդեպ:


Հատկանշական է, որ կորնթացիների համայնքում առկա էին մի շարք հոգևոր խնդիրներ, որոնցից առանձնանում էր նաև գերբնական շնորհների, պարգևների հարցը անհատի կյանքում, հատկապես օտար լեզուներով աղոթելու և խոսելու երևույթը, որը ներկայումս էլ իր գայթակղիչ ազդեցությունն ունի քրիստոնեական ավանդական ուղղություններից շեղված կրոնական համայնքներում: Այս երևույթը նման է ավետարանական այն դրվագին, երբ հրեաները Հիսուսից նշան էին պահանջում, որպեսզի հավատային նրան: Ներկայիս աղանդավորական որոշ ուղղություններ նույնպես առաջնորդվում են այդ սկզբունքով՝ իրենք իրենց մեջ անհավատի պես նշան փնտրելով, որպեսզի հավատան, որ Սուրբ Հոգին գործում է իրենց մեջ: Տարված լինելով այսպիսի զգայական նշաններ փնտրելու մոտեցմամբ` չեն նկատում, որ այդ ամենն անհատին շեղում է մարդ-Աստված ճշմարիտ փոխհարաբերության ուղուց և գցում մոլորության մեջ, որովհետև ով չի հասկանում, թե ինչ է աղոթում, նրա միտքը հոգևոր առումով անպտուղ է, ինչպես նշում է Պողոս առաքյալը:

Առաքյալը հորդորում է, որ կորնթացիները հետամուտ լինեն լավագույն շնորհներին և իբրև օրինակ խոսում է սիրո մասին՝ կորնթացիներին ուղղված առաջին նամակում գրելով սիրո օրհներգը (13-րդ գլուխ): Որպեսզի ավելի լավ հասկանանք, թե առաքյալն ինչ է ասում կորնթացիներին ուղղված նամակում, պետք է նախ ուշադրություն դարձնենք, թե տվյալ նամակն ում է ուղղված. այս դեպքում առաջին դարի վերջում հռոմեական քաղաքակրթության գերիշխանության ներքո ապրող կորնթացիներին, որոնց համայնքում խաթարվել էր հոգևոր կարգ ու կանոնը: Երկրորդ` պետք է ուշադրություն դարձնենք, թե առաքյալն ինչ համատեքստում է խոսում և լուսաբանում հոգևոր խորհուրդներն ու հորդորները, որպեսզի ճիշտ ընկալվի նամակի բովանդակությունն ու տեքստը, որովհետև միանգամից, առանց քննելու և վերլուծելու, այդ ամենն ընդհանրացնելը և վերագրելը 21-րդ դարի աստվածաբանական անհրաժեշտություններին, կիրառական մոտեցումներին և եկեղեցիների հոգևոր խնդիրներին, միանշանակորեն կարող է շեղել մեզ ուղղափառ ընկալումից և գցել թյուրիմացությունների մեջ: Ամբողջական վերլուծությունը և տեքստերի համեմատական քննությունը կարող են մեզ թույլ տալ լավագույնս ընկալել առաքյալի աստվածաբանական մոտեցումները հոգևոր տարբեր խնդիրների շուրջ՝ մեր ժամանակների լույսի քողի ներքո: Նաև հարցն այն է, որ աղանդավորական կազմակերպություններում գտնվող մարդիկ չեն ուզում հասկանալ, որ Սբ Հոգին աննպատակ շնորհներ չի տալիս (Ա Կորնթ. 14.6-9): Երբ առաքյալների վրա իջավ Սուրբ Հոգին, նրանք խոսում էին ոչ թե ինչ-որ անհասկանալի, ոչ երկրային լեզուներով, այլ այն երկրների լեզուներով, որտեղ պիտի գնային ավետելու Աստծո արքայության բարի լուրը: Այդ օրերին առաքյալները չունեին այն հնարավորությունները, որոնք 21-րդ դարի մարդն ունի՝ արագորեն որևէ լեզու սովորելու համար: Հետևաբար, առաքյալներին տրվեց օտար լեզուներով խոսելու շնորհը, որպեսզի իրագործեն իրենց առաքելությունը և մարդկանց սրտերին հասցնեն Աստծո փրկագործության ավետիսը և ամրացնեն եկեղեցին, ինչպես առաքյալը հորդորում է կորնթացիներին, որպեսզի ուշադրություն դարձնեն եկեղեցու ամրությանը և հոգևոր շինությանը (Ա Կորնթ. 14.5):

Չէ՞ որ ինչքան անարդյունք ու աննպատակ կլիներ, եթե Պողոս առաքյալը Կորնթոսում և այդտեղ հիմնած եկեղեցում սկսեր խոսել և աղոթել հույների հետ ասորերեն կամ հայերեն կամ հրեշտակների լեզվով՝ իբրև նշան ցույց տալու համար, որ Սուրբ Հոգով է գործում, երբ կորնթացիները կարիք ունեին Աստծո խոսքը լսելու հենց իրենց հասկանալի հունարենով: ՈՒստի, լեզուներով խոսելը և՛ քարոզչության համար է, ի շինություն եկեղեցու, և՛ ինքն իրեն հավատքի մեջ հաստատելու համար, բայց առաքյալը հորդորում է, որ այլ լեզուներով աղոթելը ճիշտ է այն դեպքում, եթե աղոթողը հասկանում է, թե ինչ է աղոթում (Ա Կորնթ. 14.9-15): Համենայն դեպս, Պողոսը նշում է, որ նրանք, ովքեր ձգտում են լեզուներով խոսել և դա համարում հավատքի պայման և կարևորություն, նման են հավատքի մեջ մանուկների, որոնք նշան են փնտրում, որպեսզի հավատան Աստծուն (Ա Կորնթ. 13.11, 14.20): Արդ, առաքյալը չի արգելում խոսել ուրիշ հասկանալի լեզուներով, սակայն ասում է` մտքով երեխա մի եղեք, այլ ունեցեք հոգևոր չափահասություն, որի դեպքում անհատը հասկանում է, որ Սբ Հոգու պտուղները` սեր, խնդություն, խաղաղություն, համբերություն, քաղցրություն, բարություն, հավատարմություն, հեզություն, ժուժկալություն և այլն (Գաղատ. 5.22-23), առավել կարևոր են, քան գերբնական շնորհները, որովհետև թե՛ այս աշխարհում, թե՛ դրախտում սերը և մյուս պտուղները անհրաժեշտ և հարատև են:

Իսկ, օրինակ, բժշկության շնորհը այս երկրի վրա անհրաժեշտ է, դրախտային կյանքում` ոչ, որովհետև այդտեղ ոչ ոք բժշկության և բժշկվելու կարիք չի ունենալու, բայց սերն ու խաղաղությունն այնտեղ հարատև են լինելու: Մյուս կողմից՝ մենք պետք է նկատենք, որ Աստված բարոյական Էություն է, և Աստծո համար կարևորը սրբությունն է, ոչ թե գերբնական շնորհները: Երբ նկարիչը ցանկանում է նկարել, վերցնում է սպիտակ, մաքուր թուղթը կամ կտավը և սկսում նկարել: Նկարիչը, եթե լավ նկար է ուզում նկարել, երբեք չի վերցնում կեղտոտ կամ խզբզած որևէ թուղթ կամ կտավ նկարելու համար: Այդպես էլ Սուրբ Հոգին Իր գերբնական շնորհները տալիս է նրանց, ովքեր մաքուր են այնքան, որքան անհրաժեշտ է, և ունեն համապատասխան հոգևոր փորձառություն:


Արդ, անձն առաջին հերթին պիտի ձգտի Սբ Հոգու կողմից լցված լինել աստվածային սիրով, խոնարհությամբ և սրբությամբ, որոնք մարդուն պարգևում են Երկնքի արքայության խաղաղությունն ու անանց լուսավոր կյանքը:

Պատրաստեց
Հովհաննես ՄԱՆՈՒԿՅԱՆԸ

Դիտվել է՝ 3607

Մեկնաբանություններ